17 հոկտեմբերի 2011 - 10:31 AMT
Աշխարհի ամենաերկար հետադարձելի Տաթևի ճոպանուղին մեկ տարում ավելի քան 70 000 մարդ է փոխադրել

Հոկտեմբերի 16-ին աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում, նշեց իր առաջին տարեդարձը պաշտոնական գործարկման պահից ի վեր: «Մեկ տարում ճոպանուղուց օգտվել է ավելի քան 70 000 մարդ, որոնց թվում` ինչպես Հայաստանի քաղաքացիներ, այդ թվում` մերձակա համայնքների բնակիչներ, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկներ»,- Հալիձոր կայանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հաղորդել ճոպանուղու ղեկավար Տիգրան Ղազարյանը:

Նրա խոսքով` ուղևորների 10% կամ մոտ 5000-ը մերձակա 6 համայնքների բնակիչներն են, որոնք օրական մեկ անգամ անվճար են օգտվում ճոպանուղուց: «Նշված ժամանակամիջոցում ճոպանուղու հանդեպ հետաքրքրությունն առանձնապես մեծ էր տոնական օրերին, երբ «ՏաԹևերը» օրական մոտ 700-800 մարդ էր փոխադրում»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա դրանք այս տարի չեն փոխվի:

2010 թվականի հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ` մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով:

«ՏաԹևերը» 5.7 կմ ձգվում է Որոտան գետի կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները, ճոպանուղու ամենաբարձր կետը 330 մետր է, իսկ Հալիձոր գյուղից Տաթևի միջնադարյան վանքը մեկ ուղղությամբ ճանապարհը տևում է 11 րոպե:

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին ստացել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ուղևորային ճոպանուղու կարգավիճակը: