17 հոկտեմբերի 2011 - 17:21 AMT
«Ոսկե ծիրանի» «Գաուդեամուս» ծրագիրը մեկնարկեց նաև թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում

Այսօր` հոկտեմբերի 17-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Գաուդեամուս» ուսանողական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մինչև ուսումնական տարվա վերջ ցուցադրվելու են փառատոնի վերջին 5 տարվա շուրջ 60 ֆիլմերը: Ցուցադրությունների աջակիցն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՈՒՀժի ուսանողները փառատոնին ներգրավվում են որպես կամավորներ և հնարավորություն են ունենում դիտել ֆիլմերը: Նա նաև հավելեց, որ ֆիլմերի ցուցադրությունները դրանք զուտ դիտումներ չեն լինելու այլ լինելու են դասեր:

Միջոցառման վերջում ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմանադիր Հարություն Խաչատրյանը արժանացան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման: Պարգևը հանձնեց ինստիտուտի ռեկտորը:

«Գաուդեամուս» ծրագրի մեկնարկը տրվել էր հոկտեմբերի 3-ին ԵՊԼՀ-ում, որտեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ուսանողներին ներկայացրել էր իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: