Ռասիմ Մուսաբեկով. Սարկոզին տարածաշրջան էր ժամանել, որպեսզի «սեփական աչքերով տեսնի» ԼՂ հիմնահարցի լուծման հեռանկարները

Ռասիմ Մուսաբեկով. Սարկոզին տարածաշրջան էր ժամանել, որպեսզի «սեփական աչքերով տեսնի» ԼՂ հիմնահարցի լուծման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-7-ը այցելելով Հարավային Կովկասի երկրներ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին դրանցից յուրաքանչյուրում որոշակի նպատակներ էր հետապնդում, գտնում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

«Հայաստանում նա նախագահական ընտրությունների նախաշեմին Ֆրանսիայի բազմաքանակ հայկական սփյուռքի աջակցությունը ստանալու խնդիր ուներ, Վրաստանում՝ կատարելու ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ պարտավորությունները, Ադրբեջանում՝ տնտեսական շահեր»,- նշել է նա «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում:

Քաղաքագետի խոսքով՝ այցի ընդհանուր նպատակը տարածաշրջանում առկա իրադրությունը տեսնելն էր. «Սարկոզիի այցը պայմանավորված է սեփական աչքերով տարածաշրջանի հնարավորությունները և այն հեռանկարները տեսնելու ցանկության հետ, որոնք կարող են բացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջ տանելու գործում»:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների համար լուրջ պահ է այն, որ Ֆրանսիան համաշխարհային գերտերություններից մեկն է և հսկայական քաղաքական ազդեցություն ու տնտեսական ներուժ ունի: «Եթե Եվրամիության տնտեսական շարժիչը Գերմանիան է, ապա նրա քաղաքականության վրա զգալի, եթե չասենք որոշիչ ազդեցություն է ունենում Ֆրանսիայի դիրքորոշումը: Այս իմաստով Սարկոզիի այցը տարածաշրջան աջակցություն է Եվրամիության և տարածաշրջանի երկրների միջև երկկողմ հարաբերություններին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---