29 օգոստոսի 2000 - 22:17 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վերջին տարիներին Թուրքիան բազմիցս Հայաստանի դեմ սպառնալիքներով է հանդես եկել, եւ, բնականաբար, թուրք-իսրայելական ռազմական համագործակցության ակտիվացումը չի կարող չմտահոգել Երեւանին:
Մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքի` Թուրքիա կատարած այցի արդյունքները` ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հայտարարել է մի հայ դիվանագետ, որը ցանկացել է անհայտ մնալ: Բարաքի այցի ընթացքում Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվել են ակտիվացնել ռազմական համագործակցությունը:
Դինավագետի խոսքերով, Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանային խնդիրները համագործակցության միջոցով լուծելու օգտին: «Մոտ ապագայում Թուրքիան մտադիր է միլիարդավոր դոլարներ ծախսել երկրի Զինված ուժերի վերազինման համար, եւ իր հնարավոր ռազմական դաշինքը Իսրայելի հետ` տարածաշրջանային ուժերի հավասարակշռության հնարավոր խախտման տեսանկյունից, կարող է անցանկալի հետեւանքների բերել ողջ տարածաշրջանի համար», - ասել է հայ դիվանագետը:
2000 թ. հունվարին Հայաստանի նախագահի` Իսրայել կատարած ոչ պաշտոնական այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍԻ այն հարցին, կարելի՞ խոսել այն մասին, որ Երեւանը որոշել է ակտիվացնել Իսրայելի հետ հարաբերությունները, հաշվի առնելով Թուրքիայի եւ Իսրայելի ռազմական համագործակցությունը եւ Ադրբեջանի հնարավոր միացումը այդ դաշինքին, ասել էր. «Իսկապես, մենք ունենք նման մտավախություն: Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը` մենք, բնականաբար, չէինք ցանկանա, որպեսզի Թուրքիայի եւ Իսրայելի ռազմական համագործակցությունը ինչ-որ չափով ստանա հակահայկական ուղվածություն: Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը, ինչպես նաեւ Ադրբեջանի միացումը այս ռազմական դաշինքին կարող է ունենալ որոշակի հետեւանքներ: Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը նպատակ ունի ցրելու նաեւ նման մտավախությունները»: --0--