18 հոկտեմբերի 2011 - 15:03 AMT
Անին թալանվում է, չնայած որ թանգարան է համարվում

Անին պաշտոնապես կոչվում է թանգարան, որտեղ կարելի է մուտք գործել մինչև ժամը 18.00-ն և միայն տոմսերով: Սակայն թանգարանի տարածքում նկատվում է գանձախուզություն: Այդ մասին լրագրողներին ասաց հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով դեռ 2004-2005 թ-ին Անիի Մայր տաճարի շրջակայքում ֆրանսիացի հնագետները պեղումներ են իրականացրել, որի արդյունքում բացվել է տապանաքարերի մեծ դաշտ: Տապանաքարերից մի քանիսը կրում էին հայատառ արձանագրություններ: 2006 թ-ին հուշարձանագետն արձանագրել է, որ տապանաքարերը կոտրվել են և դուրս են հանվել հանգուցյալների ոսկորները: Այսինքն, ըստ Կարապետյանի, նույնիսկ թանգարանի տարածքում է գանձագողություն իրականացվում: «Արևմտյան Հայաստանի բնակիչների մոտ անընդհատ լուրեր են պտտվում, որ հայերը տարածքից գնացել են և թողել են իրենց հարստությունները: Դրա համար անընդհատ գանձախուզություն է տեղի ունենում», ասաց Կարապետյանը: Կարապետյանն իր խմբի հետ այցելել է Անի այս տարի հուլիսի 30-ին: