18 հոկտեմբերի 2011 - 16:45 AMT
Վարդան Մինասյան. «Ուլիսը» կայուն խաղ է ցուցադրում և արժանի է դառնալու 2011թ. Հայաստանի չեմպիոն

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ 2011 թվականի Հայաստանի առաջնությունում «Ուլիսը» կայուն խաղ է ցուցադրում և արժանի է դառնալու երկրի չեմպիոն:

«Ես ամեն ինչին նայում եմ շատ իրատեսորեն և հասկանում, որ «Փյունիկում» շատ երիտասարդ մարզիկներ են հանդես գալիս, ում միջին տարիքը 18-19 տարեկան է: Ես հանգիստ եմ վերաբերվում մեր արդյունքին, քանի որ թիմը նոր է ձևավորվում: Ես գոհ եմ իմ թիմի խաղից»,- ասել է Մինասյանը:

Վարդան Մինասյանն ընդգծել է, որ 2011 թվականին հայկական ակումբներից առաջխաղացում ունի «Գանձասարը», իսկ «Բանանցն» ու «Միկան» իրենց հնարավորություններից ցածր են ելույթ ունենում:

Մինասյանը նշել է նաև, որ նոր պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հետ և շարունակելու է գլխավորել հայկական ընտրանին:

Հայաստանի առաջնությունում «Ուլիսը» 49 միավորով 1-ին տեղում է և 26-րդ տուրում հաղթանակ տանելու դեպքում առաջնության ավարտից երկու տուր առաջ կապահովի իր ոսկե մեդալները: Իսկ Մինասյանի սաները 41 միավորով 3-րդ տեղում են: