18 հոկտեմբերի 2011 - 17:55 AMT
Լեհաստանը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին այսուհետ ևս աջակցելու է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյին: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները կանոնավոր զարգացում են ապրում, Սերժ Սարգսյանը նշել է, որ «Հայաստանը խորապես շահագրգռված է երկու ժողովուրդների շահերից բխող այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու»:

Նախագահը նաև բարձր է գնահատել «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակը խորհրդարանական ընտրություններում և խնդրել իր շնորհավորանքները փոխանցել նախագահ Կոմորովսկուն և վարչապետ Տուսկին: «Պարոն նախագահի հետ այս տարի հանգամանորեն խոսել ենք մեր հարաբերությունների ապագայի մասին: Իսկ վարչապետ Տուսկի հետ վերջերս առիթ ունեցանք շփվելու Վարշավայում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Ստանիսլավ Կոզեյն այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության քարտուղարի հետ ունեցած քննարկումներն ու փոխայցելությունները համարել է արդյունավետ` նշելով, որ ձեռք են բերվել համագործակցության շատ որոշակի պայմանավորվածություններ: «Նախագահ Կոմորովսկին, ինչպես և Դուք, շատ բարձր է գնահատում հայ-լեհական սերտ հարաբերությունները և խնդրել է ևս մեկ անգամ իր շնորհակալությունը փոխանցել Լեհաստանում կազմակերպված ԵՄ գագաթաժողովին մասնակցության համար»,- ասել է նա` ընդգծելով, որ իր երկիրը պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում` հնարավորինս օժանդակելով Հայաստանի բարեփոխումներին: