18 հոկտեմբերի 2011 - 18:44 AMT
Նալբանդյանը Գոթեմյոլերի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ դրույթների խախտումների վրա

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ «Հայաստանի և Միացյալ Նահանգների բազմաբովանդակ համագործակցությունն ընդգրկում է նաև սպառազինությունների վերահսկման ոլորտը» և կարևորեց պատվիրակության այցելությունը` նշելով, որ այն լավ հնարավորություն է մտքեր փոխանակել անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զինաթափման խնդիրների վերաբերյալ:

Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ընդգծեց, որ ԱՄՆ բարձր է գնահատում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հայաստանի ներդրումը և կարևորում է ՀՀ հետ փոխգործակցությունն այդ ոլորտներում:

Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է դիտարկել Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) պայմանագիրը` որպես Եվրոպայում անվտանգության և կայունության հիմնասյուներից մեկը, և անհրաժեշտ է համարում պայմանագրի արդիականացումը և իրականացման շարունակումը: ԵՍԶՈւ պայմանագրի իրագործման ենթատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ պայմանագրով նախատեսված պարտավորությունների բացահայտ խախտման և պարբերաբար հնչող ուժի կիրառման սպառնալիքների վրա: