18 հոկտեմբերի 2011 - 19:08 AMT
Սթիվեն Էվանս. ՆԱՏՕ-ն գնահատում է Հայաստանի ներդրումը Ալյանսի խաղաղապահ գործողությունների մեջ

Հոկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գործողությունների ստորաբաժանման նորանշանակ ղեկավար, Գլխավոր քարտուղարի օգնական, դեսպան Սթիվեն Էվանսի հետ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Զրույցի ընթացքում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը ղեկավարը շնորհավորեց Սթիվեն Էվանսին այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը և Սթիվեն Էվանսը քննարկեցին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ղեկավարվող Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման և Կոսովոյում իրականացվող առաքելություններին ՀՀ զորախմբերի մասնակցության, Աֆղանստանում իշխանության պատասխանատվության փոխանցման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Դեսպան Սթիվեն Էվանսը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողությունների մեջ և հայկական կողմի պատրաստակամությունը` շարունակելու իր ստանձնած պարտավորությունները: