19 հոկտեմբերի 2011 - 15:50 AMT
«Դվին» հյուրանոցի սեփականատերերը խոստացել են կատարել իրենց պարտավորությունները մինչև 2014թ.

Վերջին շրջանում Պետգույքի կառավարման վարչությունը նոր պայմանագիր է կնքել «Դվին» հյուրանոցի սեփականատերերի հետ, որն ավերակների է վերածվել, հոկտեմբերի 19-ին լրագրողներին է ասել կառույցի նորանշանակ պետ Արման Սահակյանը: «Մենք վերանայեցինք պայմանագիրը, որտեղ այժմ հստակ նշված են այն տուգանքներն ու տույժերը, որ սահմանվում են սեփականատերերի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում»,-ասել է նա:

2003թ. հյուրանոցը վաճառվեց «Կովկասի կոմունիկացիոն խումբ» ընկերությանը 3 մլն դոլարով, որի սեփականատերերից մեկն, ըստ մամուլի, ռուսական էստրադայի աստղ Իոսիֆ Կոբզոնն է: Գնորդը պարտավորվել էր 5 տարվա ընթացքում կառուցել 5-աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար:

Սակայն, մինչ օրս ոչ մի լուրջ ներդրում չի իրականացվել: Արման Սահակյանը հավելել է, որ եթե սահմանված ժամկետում ներդրումներ չարվեն, սեփականատերը պարտավոր է տուգանք վճարել յուրաքանչյուր տարվա չիրականացված ներդրումների 12 տոկոսի չափով: 2014թ. հետո կառավարությունը իրավունք է վերապահում իրեն դատական կարգով առգրավել «Դվին» հյուրանոցը: