19 հոկտեմբերի 2011 - 15:52 AMT
Յունիբանկը բարձրացրել է «Տոնական-10» ավանդի տարեկան տոկոսադրույքը

Ձգտելով իր հաճախորդներին առաջարկել դրամական միջոցների տեղաբաշխման ամենաշահավետ պայմանները` Յունիբանկ ՓԲԸ-ն բարձրացրել է ԱՄՆ դոլարով «Տոնական-10» ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%, դրանով իսկ ապահովելով բանկի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ մշակված ավանդի բարձր եկամտաբերությունը: ՀՀ դրամով գումարը ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 12.5%:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ֆիզիկական անձանց համար նախատեսված «Տոնական-10» ավանդը ներկայումս հանդիսանում է բանկի ամենապահանջված ավանդներից մեկը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար դրամ կամ 1 000 դոլար, ժամկետը` 181-ից մինչև 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ և օվերդրաֆտի (վարկային միջոցների) ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90 տոկոսի չափով: «Տոնական-10» ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը:

«Տոնական-10» ավանդի առանձնահատկությունը բարձր եկամտաբերությունն է: Այդ իսկ պատճառով բանկը արագ արձագանքեց շուկայի պայմաններին և որոշում կայացրեց բարձրացնել ավանդի տոկոսադրույքը: Յունիբանկի ավանդատեսակների լայն տեսականին հնարավորություն է տալիս ավանդատուին ընտրելու միջոցների տեղաբաշխման իր համար ամենահարմար տարեբարկը: Նման մոտեցման շնորհիվ Յունիբանկը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով պահպանում է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում», - ասում է Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը:

Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.6%-ով: Մինչև տարվա վերջ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը ծրագրվում է ավելացնել 10%-ով: