19 հոկտեմբերի 2011 - 20:16 AMT
«Ընկնող աստղեր»-ը հոկտեմբերին առավել շատ կդիտվեն

Ամեն տարի աշնանային վաղ առավոտյան երկնքում կարելի է տեսնել Օրիոնիդների ասուպային հոսքի գրավիչ աստղային շոուն: Օրիոնիդների ասուպային հոսքը սովորաբար դիտվում է հոկտեմբերի 17-25-ը և իր առավելագույն փուլում կլինի հոկտեմբերի 21-22-ի գիշերը: Այդ գիշեր Լուսինը գտնվելու է իր քառորդ փուլում, ինչը փոքր-ինչ կդժվարեցնի Օրիոնիդների դիտումը: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։

Օրիոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Օրիոն համաստեղության ուղղությամբ և մոտ է երկնային հասարակածին, ինչի պատճառով այն հնարավոր է դիտել և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերից: Հոսքի առավելագույն փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել մոտ 25 ասուպ, որոնց միջին արագությունները կլինի 66 կմ/վ, որը երկրորդ ամենամեծ արագությունն է դիտվող հոսքերի մեջ:

Օրիոնիդների հոսքի ասուպները առաջացնում են դեղին և կանաչ գույներ: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Օրիոնիդների ասուպային հոսքը Հալեյի գիսավորից անջատված փոշու հետևանքով առաջացող երկու հոսքերից մեկն է: