19 հոկտեմբերի 2011 - 20:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլիամ Բերնսին, որը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում, տեղեկացնում են արտգործնախարարության մամլո ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների հաճախակիությունը նպաստել է հայ-ամերիկյան ավանդաբար բարեկամական գործընկերության ամրապնդմանը, որն այսօր որակապես նոր մակարդակի վրա է գտնվում:

Փոխպետքարտուղար Բերնսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված բարեկամական գործընկերությունը և նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխգործակցության զարգացումը, երկխոսությունը միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ամերիկյան երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի լայն շրջանակի, տնտեսական փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերին, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերին:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի քննարկման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար արտահայտվող դիրքորոշումները ոչ միայն հակասում են, այլև հաճախ հակադրվում են եռանախագահող երկրների նախագահների կողմից բազմիցս արված հայտարարություններին և խաղաղ գործընթացի տրամաբանությանը:

Այս առումով Ուիլիամ Բերնսը նշեց, որ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության ապահովումը և տարածաշրջանի երկրների միջև փոխհարաբերությունների կարգավորումը մշտապես գտնվել են ԱՄՆ ուշադրության կենտրոնում: Փոխպետքարտուղար Բերնսը հավելեց նաև, որ առկա վեճերի և խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղ ճանապարհն է: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորության մասին` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասաց, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցել այդ գործընթացին:

ՖՈՏՈՇԱՐՔ