19 հոկտեմբերի 2011 - 21:08 AMT
ՎԶԵԲ-ը կարծում է, որ Հայաստանի կառավարությունն ընտրել է ֆիսքալային կոնսոլիդացման ճիշտ ուղի

Հայաստանի պետական պարտքը բավական բարձր է, բայց այն գտնվում է շրջանակներում, որոնք կարելի է բնութագրելի որպես կառավարելի, կարծում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։ « Կառավարությունն ընտրել է ֆիսքալային կոնսոլիդացման ճիշտ ընթացք, որն ուղղված է հարկային բազայի ավելացման հաշվին բյուջեի դեֆիցիտի կրճատմանը»,- ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում։

Միաժամանակ, Ռազլոգը նշել է, որ «բարդ է ասել, թե կհաջողվի Հայաստանի կառավարությանն ավելացնել հարկային բազան»։ Այդ առումով նա հավելել է, որ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բավական ցածր է մնում, և բյուջեն լցնելու համար պետք է ընդլայնել հարկադրման բազան։ Իսկ դրա համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է կրճատել ստվերը, ինչպես նաև աելացնել տնտեսության այն հատվածների հարկադրումները, որոնք տվյալ պահին ավելի քիչ հարկեր են վճարում, քան պետք է։