19 հոկտեմբերի 2011 - 21:16 AMT
ԱՄՆ-ն առաջնահերթ է համարում Հայաստանի հետ հարաբերությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսին, հաղորդում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից։

Հանրապետության ղեկավարը նշել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները համարում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսության ապացույց:

Սերժ Սարգսյաի խոսքով, Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և այդ հարաբերությունները դիտարկում է որպես մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների՝ տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման գրավական:

Նա նշել է, որ Հայաստանը նաև կարևորում է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ այն, որ նա իր առաջին արտաքին այցերից մեկը կատարում է Հայաստան, ապացուցում է, թե ԱՄՆ ղեկավարությունն ինչ առաջնահերթություն է տալիս տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանին և Հայաստանի հետ հարաբերություններին: Ուիլիամ Բըրնսը ընդգծել է, որ կանի հնարավորը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, տարածաշրջանային, տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: