20 հոկտեմբերի 2011 - 14:28 AMT
Օրանժը գործարկում է շուկայի համար ամբողջապես նոր առաջարկներ՝ Դելֆին, Պանտերա և Թիթեռ

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Օրանժ Արմենիա ընկերությունը հանդես եկավ նոր առաջարկով Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում։

Օրանժը գաղտնազերծեց արդեն մի քանի օր եթերներում և փողոցներում հայտնված գովազդային կերպարներին՝ Դելֆինին, Պանտերային և Թիթեռին։ Այս երեք կերպարները խորհրդանշում են երեք տարբեր ամսական բաժանորդագրություններ։

«Մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն, ըստ դրանց էլ մենք ստեղծել ենք այս ետվճարային սակագնային պլանները։ Սրանք սեգմենտային լուծումներ են, որոնք Հայաստանում այսօրվանից կսկսեն զարգանալ և որոնք արևմտյան շուկայում երկար տարիներ հաջողությամբ կիրառվում են»,-ասաց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

«Դելֆինը նրանց համար, ովքեր շատ են սիրում խոսել, անվերջ խոսել։ Պանտերան բջջային ինտերնետի սիրահարների համար է։ Իսկ Թիթեռը՝ ովքեր ցանկանում են ազատ լինել իրենց ընտրության մեջ»,-ասաց Օրանժի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։

Թե՛ դելֆինին, թե՛ պանտերային և թե՛ թիթեռին կարելի է բաժանորդագրվել 4000, 6000, 10 000 կամ 20 000 ամսավճարով։ Օրինակ 4000 դրամ ամսավճարով Դելֆինին բաժանորդագրվելու դեպքում՝ բաժանորդն ունի 100 րոպե ցանցից դուրս և 1 000 րոպե ցանցի ներսում անսահմանափակ խոսելաժամանակ։ Դրանք սպառելու դեպքում սկսվում է բացասական հաշվեկշիռը ցանցի ներսում 5 դրամով րոպեն, իսկ ցանցից դուրս 35 դրամ։ Դելֆինի մեջ յուրաքանչյուր սմս բացասական հաշվեկշռի մեջ է մտնում։

4000 դրամ ամսավճարով Պանտերային բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կունենա 200Մբ շարժական ինտերնետ, 200 սմս ցանցի ներսում, 200 սմս միջազգային և տեղական այլ ցանցեր և 1000 րոպե ցանցի ներսում խոսելաժամանակ։ Դրանք սպառելու դեպքում սկսվում է բացասական հաշվեկշիռը՝ ցանցի ներսում 5 դրամ րոպեն։Պանտերան չի ներառում ցանցից դուրս զանգեր, դրանք գրանցվում են բացասական հաշվեկշռի վրա՝ րոպեն 35 դրամ։

Դե իսկ Թիթեռին 4000դրամ ամսավճարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը ստանում է 1000 րոպե անվճար զանգ ցանցի ներսում, իսկ ամսավճարը կարող է օգտագործել շարժական ինտերնետ կապի կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում։