20 հոկտեմբերի 2011 - 15:57 AMT
Չեղյալ է համարվել Երեւան-Գավառ-Երեւան թիվ 303 երթուղու սպասարկման իրավունքը

ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում չեղյալ է համարվել Երեւան-Գավառ-Երեւան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 303 երթուղու սպասարկման իրավունքը:

Հանձանաժողովի որոշմամբ թիվ 303 երթուղու սպասարկման համար սահմանված կարգով կհայտարարվի նոր մրցույթ, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Գերիշխող դիրքի չարաշահման համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Գավառտրանս» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամով: Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը, լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն, փաստացի ուղևորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով: Մարզերի բնակիչների, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, Հանձնաժողովը ուսումնասիրել է նշված երթուղու գործունեությունը: Արդյունքում պարզվել է հետևյալը: «Գավառտրանս» ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 3 երթուղի՝ Երևան-Գավառ-Երևան (համար 303), Երևան-գ.Սարուխան-Երևան (hամար 313) և Գավառ-Երևան-Գավառ (համար 326): Ընդ որում, ընկերությունը պարտավորվել է 313 և 326 համարի երթուղիները սպասարկել 1000, իսկ Երևան-Գավառ-Երևան ուղղությունը՝ 500 դրամով, որն էլ ըստ էության հանդիսանում է բոլոր 3 երթուղիներից հիմնականը: