20 հոկտեմբերի 2011 - 16:02 AMT
Փրկարար ծառայության պետի տեղակալը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել վերջին երկրաշարժերի պատճառով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը խորհուրդ է տվել խուճապի չմատնվել վերջին երկրաշարժերի պատճառով: Մեկնաբանելով այն, որ վերջին օրերին հանրապետության տարածքում 3-5 բալ ուժգնությամբ մի քանի երկրաշարժ է գրանցվել, Վրեժ Գաբրիելյանը մամլո ասուլիսում հիշեցրել է, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: Նա նշել է, որ Հայաստանում ամեն օր փոքր ցնցումներ են տեղի ունենում, որոնք զգալի չեն մարդու համար: Գաբրիելյանն ասել է, որ նման երկրաշարժերը չեն մեկնաբանվում, որպեսզի ավելորդ անգամ խուճապ չառաջանա հանրության շրջանում: Նա հավելել է, որ կարևոր է բարձրացնել մարդկանց իրազեկությունը, քանի որ նրանք ապրում են սեյսմիկ ակտիվ գոտում և պետք է սովորեցնել նրանց թե ինչպես վարվել երկրաշարժի դեպքում:

Հոկտեմբերի 19-ին ՀՀ տարածքում ժամը 19.19–ին 3.3 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում`Մասիս քաղաքից 7 կմ հարավ: Այս տեղեկությունները արձանագրել է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցը։

Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.30-ին ՀՀ տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։