20 հոկտեմբերի 2011 - 16:11 AMT
«Երևան ջուր». Արաբկիր վարչական շրջանը ջրից զրկել էին տեղի բնակիչները

Արդեն հայտնի է՝ ինչու էր ջրազրկվել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանը: «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է` պատճառը բնակիչների ինքնագործունեությունն է: «Հովսեփ Էմին և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորի հիմնական հանգույցների միջոցով իրականացվում է վերոնշյալ վարչական շրջանի ջրամատակարարումը, որի փականները կարգավորում են ջրի ճնշումը: Տեղի բնակիչներն ինքնակամորեն պտտեցրել են փականը` խոչընդոտելով ջրամատակարարման ընթացքին»,- հայտնում են «Երևան ջուր» ընկերությունից:

«Երևան Ջուր» ՓԲԸ մասնագետներն արդեն կարգավորել են խնդիրը, և երեկոյան խոստանում են լիարժեքորեն վերականգնել ողջ համայնքի ջրամատակարարումը:

«Ի դեպ, նման միջադեպեր քանիցս կրկնվել են, ուստի, հորդորում ենք մեր համաքաղաքացիներին ինժեներական գործունեություն չծավալել ընկերության փորձառու մասնագետների փոխարեն: Այլապես, անհիմն պատճառներով խափանվում է Երևանի տարբեր վարչական շրջանների ջրամատակարարումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: