20 հոկտեմբերի 2011 - 16:13 AMT
Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտորը հայտնել է Գևորգյան ճեմարանի հետ համագործակցելու մտադրության մասին

Հոկտեմբերի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիին:

Էջմիածնից հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբություն ընդգծել է՝ քույր Եկեղեցիների ներկայացուցիչների նման այցելությունները հարմար առիթ են ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և մեր հավատավոր ժողովրդին, դարերի հոլովույթում նրա կերտած ազգային-հոգևոր արժեքներին:

Զրույցի ընթացքում կարևորվել են երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ և եղբայրական հարաբերությունները, մասնավորապես հոգևոր-կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրին:

Նորին Սրբությունն անդրադարձել է նաև Հայոց Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից մեկին` հոգևորականների պատրաստությանը: Տեղեկացնելով, որ իր գահակալության տարիներին շուրջ երեք հարյուր եկեղեցականներ են ձեռնադրվել և ծառայության կոչվել Հայ Եկեղեցու անդաստանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ դեռ բազում անելիքներ կան այդ ոլորտում` հույս հայտնելով, որ Հայստանում գործող երեք կրթական հաստատությունները` Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Հառիճավանքի ընծայարանը, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ երիտասարդների համար բացված քահանայից լսարանները պիտի լրացնեն եկեղեցականների պակասը:

Իր հերթին Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենին երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանը ընդունելության համար` նշելով նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին: