20 հոկտեմբերի 2011 - 16:24 AMT
Ծանրորդ Գրետա Վարդանյանը արծաթ է նվաճել սահմանափակ հնարավորություններով մարդկանց մրցաշարում

Հոկտեմբերի 13-20-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Խորֆական քաղաքում ընթացող հաշմանդամային ծանրամարտի միջազգային մրցաշարին Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ներկայացրել էր երկու բազմապրոֆիլ մարզիկի` գյումրեցի Գրետա Վարդանյանին և ոսկեվազցի Սամվել Ասատրյանին: Հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում էին աշխարհի շուրջ 25 երկրի մարզիկներ:

Գրետա Վարդանյանը մինչև 48 կգ քաշային կարգում 75 կգ արդյունքով մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` արժանանալով արծաթե մեդալի: Հաղթող է դարձել ռուս Օլեսյա Լաֆինան 118 կգ արդյունքով: Մրցաշարում խաղարկվում էին Լոնդոնի պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշային միավորներ:

Մրցաշարին մասնկացել է 25 երկիր, Հայաստանի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 21-ին: Հայաստանը պարալիմպիկ խաղերին մասնակցում է 1996-ից, մինչև այժմ խաղերին մասնակցել է 11 հայ մարզիկ` ներկայացնելով առագաստանավային, հաշմանդամային ծանրամարտ, լող, թեթև ատլետիկա, լեռնադահուկային մարզաձևերը:

Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան Լոնդոնում 2012թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը: