20 հոկտեմբերի 2011 - 16:38 AMT
Բանակում ծառայած երիտասարդները պայքարո՞ւմ են բանակում առկա խնդիրները բարձրաձայնողների դեմ

Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունը պահանջում է թափանցիկություն հասարակական կազմակերպություններից։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ նրանք նշում են, որ հոկտեմբերի 16-ին հեռարձակված «Հայլուրի» թողարկումը մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում հիստերիայի ալիք է բարձրացրել:

Այդ հաղորդման ժամանակ ներկայացվել է, թե բանակային խնդիրներով զբաղվող որոշ կազմակերպություններ իրականում ումից և որքան գումարներ են ստանում և ինչ ծրագրերի անվան տակ։ «Ներկայացված էին հազարավոր դոլարների ծրագրեր, որոնք որևէ կապ չունեին բանակի հետ: Փաստորեն, հնարավոր է` բանակային թեմաներով աղաղակող կազմակերպություններին այդ գրանտները տրվում են այլ ծրագրերի անվան տակ, սակայն դրանք օգտագործվում են բոլորովին այլ ծրագրերի համար: Իսկ ինչո՞ւ չպետք է այդ կազմակերպությունները հաշվետու լինեն հասարակության և իրենց շահառուների առաջ… Հակառակ դեպքում կան կոռուպցիոն ռիսկեր: «Հայլուրի» թողարկումից հետո այդ գրանտակերները համերաշխվել են, քանի որ վախենում են, որ իրենց ֆինանսական շարժերը և իրական գործունեությունը կարող է հայտնի դառնալ բոլորին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ցավոք, մեզանում հասարակական քննարկումները չեն կազմակերպվում պրոֆեսիոնալ մակարդակով, և հաճախ տարբեր թեմաներից խոսում ու կարծիքներ են արտահայտում մարդիկ, ովքեր խորքային գաղափար չունեն այդ հարցերի շուրջ. «Օրինակ, զավեշտալի է, երբ «Բանակն իրականում» խմբի ակտիվիստների մեջ տեսնում ենք երիտասարդ տղաների, ովքեր բանակում մեկ օր անգամ չեն ծառայել ու հիմա որպես փորձագետ հարցազրույցներ են տալիս լրատվամիջոցներին: Պահանջում ենք թափանցիկություն նաև հասարակական կազմակերպություններինց, որոնցից շատերը ընդամենը մի քանի մարդու միավորում են, սակայն աղմկում են ահավոր բարձրաձայն, իսկ գումարներ լվանում դեմոկրատիայի անվան տակ»: