20 հոկտեմբերի 2011 - 16:54 AMT
Ռալֆ Յիրիկյան. Յուրաքանչյուր նորածին երեխա արժանի է ունենալու ապրելու հնարավորություն

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Երևանի պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ: Արդեն չորս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը մեր երկրում կրճատելու ուղղությամբ:

Ընկերությունից հայտնում են, որ այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 298 մլն. դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել Հայաստանի 23 հիվանդանոցների: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ ցանկալի արդյունքներն ակնհայտ են:

Երևանի պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում տարեկան գրանցվում է ավելի քան 3500 ծնունդ: Ինստիտուտն ընդունում է բարձր ռիսկային և բարդ հղիություն ունեցող կանանց ոչ միայն Երևանից, այլև մարզերից: Բացի այդ, նոր սարքավորումների առկայությունն այժմ հնարավորություն կընձեռի մարզերից այստեղ տեղափոխել առողջական խնդիրներ ունեցող նորածինների:

Նախկինում ինստիտուտում գոյություն ունեցող սարքավորումների քանակը թույլ չէր տալիս խնամք ապահովել այստեղ տեղափոխվող առողջական խնդիրներ ունեցող մեծ թվով նորածինների համար: Խնդիրը լուծելու համար ինտիտուտի սարքավորումների բազան համալրվել է ինտենսիվ թերապիայի սեղանով, հիվանդի աշխորոշման մոնիտորներով, օդափոխիչով և այլ սարքավորումներով:

«Birthlink կազմակերպության հետ մեր համատեղ նախագիծը շարունակվում է, որովհետև մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նորածին երեխա արժանի է ունենալու ապրելու հնարավորություն: Այս բուժհաստատությունում բուժվում են երեխաներ Հայաստանի բոլոր շրջաններից, և այսօր այն պատրաստ է փրկել ավելի շատ մարդկային կյանքեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է լինել այնպիսի նախագծերի կողքին, որոնք կյանք են պարգևում մեր երկրին և ավելի լավ կյանքի հույս են ներշնչում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: