20 հոկտեմբերի 2011 - 16:59 AMT
Գործարկել է SMS տեղեկատվական թեժ գիծ ՁԻԱՀ-ի մասին իրազեկված լինելու համար

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր «SMS Տեղեկատվական թեժ գիծ» ծրագրի շրջանակներում գործարկել է Orange և VivaCell-MTS բջջային օպերատորների բոլոր բաժանորդների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցն անանուն ուղղելու հնարավորություն տվող թեժ գիծ՝ տրամադրված 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ): 24 ժամվա ընթացքում բաժանորդը կստանա ճշգրիտ ու հակիրճ պատասխան: Այս մասին տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ՀՀ ՁԻԱՀ-ի Կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պատրաստված ՀԿԽԸ երիտասարդ կամավորների ուժերով կսահմանվի շուրջօրյա ծառայություն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, հատուկ ստեղծված կայքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև համապատասխան ինտերնետային կայքերին հղումներ կատարելու նպատակով:

ՀԿԽԸ-ի «SMS Տեղեկատվական թեժ գիծ» ծրագիրը գործում է 2011-ի հունիսի 1-ից ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին և նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը:

Ծրագիրն իրականացվում է VivaCell-MTS և Orange բջջային կապի օպերատորների հետ համագործակցությամբ: