20 հոկտեմբերի 2011 - 17:02 AMT
ՀՀ քաղաքացիների շրջանում արդեն իսկ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք

1988թ. մինչև 2011թ օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից և նշում, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է:

ՀԿԽԸ-ն ունի «SMS Տեղեկատվական թեժ գիծ» ծրագիր, որը գործում է 2011-ի հունիսի 1-ից ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը համատեղ։ Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին և նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը: Մեկնարկել է նաև թեժ գծի 6428 կարճ համար, որին VivaCell-MTS և Orange բջջային կապի օպերատորների բաժանորդները կարող են հղել իրենց հուզող հարցերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ։

ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՄԻԱՎ վարակն առաջին անգամ արձանագրվել է 1981թ.-ին` ԱՄՆ-ում: Այսօր այն տարածվել է բոլոր մայրցամաքներում` գլոբալ համաճարակի վերածվելով աշխարհի բոլոր երկրներում: 2009թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն կար մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ: