20 հոկտեմբերի 2011 - 17:04 AMT
Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի փորձագետները իրենց փորձը կփոխանցեն հայ գործընկերներին

Այս օրերին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում են Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ, որոնք աշխատում են իրենց հայ 47 գործընկերների հետ: ՀՊՄՀ-ից հայտնում են, որ նրանցից 35-ը մանկավարժական համալսարանի դասախոսներ են, մյուս 12-ը ՀՀ բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների, այդ թվում ՀՊՄՀ կոնսորցիումի անդամ բուհերի` Գորիսի, Գավառի եւ Գյումրիի համալսարաններից հրավիրված մասնագետներ: Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության և ծրագրերի իրականացման գործակալության հետ միասին, մշակվել էր ծրագիր, ըստ որի ՀՊՄՀ-ն ստացել է հնարավորություն` ընտրելու գործընկեր, եւ այդ գործընկերը դարձել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանը:

Ֆին մասնագետները տեղացի փորձագետներին են փոխանցում այն փորձը, որ այս պահին մանկավարժական կրթության տեսակետից պահանջվում է եվրոպական չափանիշներով: 2011 թվականի հոկտեմբերից մինչեւ 2013 թվականի հունվարը նախատեսված ծրագրի ընթացքում պարբերաբար հանդիպումներ կլինեն, գաղափարներ ու ծրագրեր կմշակվեն: Նախատեսված է բարեփոխել ոչ միայն բուն ուսումնական գործընթացը, գիտաուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, այլեւ ՀՊՄՀ կառավարման համակարգը, ֆինանսական, ռեսուրսային, նյութատեխնիկական, ստեղծվելու է կարիերայի կենտրոն, ավելի խորքային են ուսումնասիրվելու որակի ապահովման գործընթացը: Հայ մասնագետների վերապատրաստման արդյունքում ՀՊՄՀ-ն պետք է դառնա առաջնային բուհ ուսուցիչների որակավորման եւ վերապատրաստման հարցերում:

Այս պահին տարբեր խմբեր աշխատում են տարբեր ուղղություններով` մագիստրոսական եւ բակալավրական ծրագրերի բարեփոխումների վրա, կարիերայի կենտրոնի ստեղծման, ուսուցիչների վերապատրաստման, ուսանողական պրակտիկաների, որակի ապահովման, ինչպես նաեւ կառավարման եւ կառավարման գործընթացում թափանցիկության ապահովման ուղղությամբ: Հոկտեմբերի 17-ին մեկնարկած առաջին փուլի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 21-ին: Ֆին փորձագետների երկրորդ այցը նախատեսվում է 2011 թվականի դեկտեմբերին:

Հայ մասնագետները համապատասխան թրենինգներն անցնելուց հետո իրենք կդառնա տեղական փորձագետներ, եւ կարող են իրենց աշխատանքով ներդրում ունենալ տարբեր բուհերում եվրոպական չափանիշների ներմուծման հարցում: