20 հոկտեմբերի 2011 - 17:05 AMT
Վաղը Գիտությունների ազգային ակադեմիան կպարգևատրի երիտասարդ գիտնականներին

Վաղը ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի մրցանակաբաշխությոնւը: Այս մրացանակը սահմանված է «Կրթության, գիտության և առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի կողմից, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։

«Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առևտրայնացման հնարավորություն ունեն:

Մրցույթին ներկայացվել էին ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք: Մրցութային հանձնաժողովը որոշել է առաջին և երկրորդ մրցանակը ոչ ոքի չշնորհել: Երրորդ մրցանակի արժանացել են 4 աշխատանքների հեղինակներ` ԵՊՀ Դեղագործական քիմիայի ամբիոնից Արմինե Գեոլչանյանը «Նոր սերնդի օպտիկապես ակտիվ ոչ-սպիտակուցային ամինաթթուների արտադրության բարձր էֆեկտիվության ունիվերսալ տեխնոլոգիա և դրանց առևտրայնացման ուղիները» աշխատանքի համար։ Մյուս մրցանակակիրներն են՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Արսեն Առաքելյանը, Արեն Խոյեցյանը` «Շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման թեստ-համակարգ «Gel-2» ծրագրային փաթեթով» աշխատանքի համար, ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնից Աննա Պետրոսյանը` «Ալյումինե հակաֆրիկցիոն խառնուրդների ստացման տեխնոլոգիայի մշակում և դրանց կառուցվածքի ու հատկությունների ձևավորում» աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուից Գևորգ Վարդանյանը և Արթուր Հովսեփյանը՝ «Մակերևույթի գերբարձր հաճախականության մոտդաշտային կարգավորմամբ կոնտակտների նստեցման լազերային տեխնոլոգիա» աշխատանքի համար: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 6 միլիոն դրամ: