20 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT
«Անելիք Բանկ» ՓԲԸ եւ ՎԶԵԲ-ը Առեւտրի Ֆինանսավորման վարկային պայմանագիր են ստորագրել

Հոկտեմբերի 13-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ եւ ՎԶԵԲ միջեւ ստորագրվեց Առեւտրի Ֆինանսավորման վարկային պայմանագիր: Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել ինչպես արտահանող ընկերություններին` նախաարտահանման և հետարտահանման փուլերում, այնպես էլ ներմուծող ընկերություններին: Յուրաքանչյուր վարկային հայտին ցուցաբերվելու է անհատական մոտեցում, եւ պայմաններն առավելագույնս հարմարեցվելու են վարկառուին: Նշված ծրագրով վարկային միջոցները հասանելի դարձնելու նպատակով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է մրցունակ եւ մատչելի տոկոսադրույքներ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

«ՎԶԵԲ-ի հետ այս հերթական ծրագիրը վկայում է «Անելիք Բանկ»-ի հանդեպ բարձր հեղինակություն վայելող միջազգային կառույցների վստահության մասին: Առեւտրի ֆինանսավորման այս ծրագրի միջոցով կարող է ֆինանսավորվել արտահանմանն ուղղված ամբողջ արտադրական ցիկլը` սկսած հումքի ձեռքբերումից ու սարքավորումների արդիականացումից ընդհուպ մինչեւ արտահանում: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս բարձրացնել Հայաստանի արտադրողների մրցունակությունը միջազգային շուկայում»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: