20 հոկտեմբերի 2011 - 17:10 AMT
Արթուր Արմինը զգուշացնում է երիտասարդներին՝ չներքաշվել կրոնական կազմակերպությունների մեջ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբում հոկտեմբերի 19-ին «Մենք» խորագրով հայագիտական սեմինարների շարքի հերթական հանդիպման հյուրն է եղել բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր Արթուր Արմինը: Հանդիպման ընթացքում ակումբի հյուրը խոսել է հայոց ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ:

Դիմելով երիտասարդներին՝ Արթուր Արմինը նշեց, որ բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ այսօր աշխարհը հասել է այն աստիճանին, որ ցանկացած երկիր ներսից պայթեցնելու, գրավելու համար ինքնաթիռ, տանկ, զորք հարկավոր չէ. դրանք հին զենքեր են։ ՙԳաղափարախոսությամբ հասարակության ներսում կարողանում են շրջանառության մեջ դնել թեմաներ, որոնք ներսից քանդում են տվյալ երկիրը։ Բազմաթիվ տեսություններ կան, որոնք հիմնականում կարելի է անվանել մտքի վարժանք կամ քաղաքական նպատակայնություն։ Պետք չէ թույլ տալ, որպեսզի ձեզ ներքաշեն նման սին երկխոսության մեջ։ Ահռելի մեգակառույցներն իրենց բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներով ստեղծում են տեսություններ (նաև կրոնական)՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Եվ շատ հեշտ է հատկապես երիտասարդությանը ներքաշել այդ ամենի մեջ։ Երիտասարդությունը պետք է հասկանա, որ դա իր լինելության, գոյության խնդիրն է՚,- նշեց բանախոսը։