20 հոկտեմբերի 2011 - 17:16 AMT
Աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը կրկին համերգ կտա Երևանում

Աշխարհահռչակ ջութակահար, Պինկաս Ցուկերմանը համերգ կտա Երևանում: Այդ մասին PanARMENIAN.Netի թղթակցին հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունից: Համերգը կայանալու է հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ցուկերմանը ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը կղեկավարի հենց նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգը կայանալու է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:

Ցուկերմանը ծնվել է Թել Ավիվում, ուսանել Ջուլիարդի դպրոցում՝ Իվան Գալամյանի դասարանում։ Նա վարում է կատարողական վարպետության ծրագիր Մանհեթենի երաժշտանոցում, ղեկավարում է մի շարք հեղինակավոր նվագախմբեր, իսկ 2009 թ֊.՝ նաև Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է։ Իբրև կամերային երաժիշտ նա հանդես է եկել Դանիել Բարենբոյմի, Վլադիմիր Աշկենազիի, Իտցաք Պերլմանի, Օրիոն և Տոկիո լարային քառյակների, Ռալֆ Կիրշբաումի, Եֆիմ Բրոնֆմանի, Ժակլին դյու Պրեի և կատարողական արվեստի այլ վարպետների հետ։ Պինկաս Ցուկերմանի կատարումները հնչում են հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում։ Վերջերս էլ նա վարել է Grammy մրցանակաբաշխությունը: Մեծ երաժիշտը Հայաստանում ելույթ է ունեցել նաև անցած տարի` նույն փառատոնի շրջանակում: