20 հոկտեմբերի 2011 - 17:31 AMT
Դպրոցներում կաշառակերությունը նվազել է, իսկ կոռուպցիա չկա՞. Սոցիալական հետազոտության

ՀՀ կառավարության պատվերով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտությունը: Ուսումնասիրության մեջ կառավարության գործունեությունը գնահատվել է ըստ ոլորտների:

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ հարցվածների ընդամենը 1,8 տոկոսն է Հայաստանի առջև կանգնած կարևոր հիմնախնդիր դիտարկել կրթության խնդիրները:

Հարցվածները նշել են, որ իրենք տեղյակ են կրթության համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, կրթական բարեփոխումներին, նոր դասագրքերին և ծրագրերին: Հատուկ անդրադարձ է կատարվել պետական մարմիններում կոռուպցիայի, կաշառակերության և օրենքների խախտումների խնդրին: Դատելով հարցումների արդյունքներից` կրթության ոլորտում կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը որոշակի դրական արդյունքներ տվել է, սակայն սկսված գործընթացը պետք է շարունակելի լինի:

Այսպես`դպրոցների հետ առնչություն ունեցած քաղաքացիներից 37,7 տոկոսի կարծիքով կոռուպցիայի մակարդակը նվազել է, մնացել է նույնը 26,5 տոկոսի կարծիքով, աճել է 14,5 տոկոսի կարծիքով, իսկ 21,3 տոկոսն էլ համոզված է, որ դպրոցներում կոռուպցիա չկա: Բուհերի հետ առնչություն ունեցած քաղաքացիները նշել են` կոռուպցիայի մակարդակը նվազել է` 29,9 տոկոս, մնացել է նույնը` 35,8 տոկոս, աճել է` 23,8 տոկոս, կոռուպցիա չկա` 10,4 տոկոս:

2011 թվականի սեպտեմբերի դրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հարցվածներից 39,5 տոկոսի կարծիքով դպրոցներում կաշառակերությունը նվազել է, կաշառակերություն չկա կարծում են 15,6 տոկոսը, մնացել է նույնը` 28,6 տոկոս, աճել է ` 19,4 տոկոս: Նույն ժամանակահատվածում բուհերում, կաշառակերությունը նվազել է 26,6 տոկոսի կարծիքով, մնացել է նույնը` 36,5 տոկոս, աճել է 32 տոկոս, կաշառակերություն չկա` 4,8 տոկոս: