20 հոկտեմբերի 2011 - 17:46 AMT
Եվրոպական տարբեր երկրներից ժամանած գրողներն այցելել են Ամենայն Հայոց կաթողիկոսին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է «Գրական տապան 2011» ծրագրի շրջանակներում եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ գրողների` ՀՀ մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանի ուղեկցությամբ:

Խմբի անունից շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` Սամուելյանը ներկայացրել է միջմշակութային շփումների զարգացմանն ուղղված` հայ և օտար գրողների համատեղ ջանքերով կազմակերպվող գրական և մշակութային ծրագրերն ու միջոցառումները:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել եվրոպական գրողների ու հայ գրական աշխարհի ներկայացուցիչների համագործակցության կապակցությամբ: Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես նշել է. «Գիրն ու գրականությունը հասարակության հոգևոր-բարոյական նկարագրի ամենաանաչառ ցուցիչն են: Աստվածաշնչում ասվում է, որ «սրտի լիությունից է խոսում բերանը», այսինքն` մարդ խոսում, գրում և արտահայտում է այն, ինչ որ իր հոգում կրում է: Այս առումով, անշուշտ, յուրաքանչյուր ժամանակ իր ուրույն մտածողությունն ունի, սակայն մենք կարծում ենք, որ քրիստոնեական արժեքներ կրող ազգերի գրականությունը, սնվելով քրիստոնեական հարուստ մշակութային ժառանգությունից, պետք է ուղղված լինի մարդու ներքին հոգևոր շինվածքի կերտմանը, զորացմանը, ամրացմանն ու հարստացմանը»:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը գրողներին մաղթել է նորանոր ներշնչանքներ, որպեսզի նրանց հայաստանյան տպավորությունները նոր աղբյուր դառնան հետագա ստեղծագործական կյանքում: Նորին Սրբությունը նաև պատասխանել է գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը և միջեկեղեցական հարաբերություններին: