20 հոկտեմբերի 2011 - 19:09 AMT
Պետ Կոքս. Քաղաքացիական հասարակությունը կարող է շատ օգնել Ղարաբաղի հարցում

«Արևելյան գործընկերության» ծրագիրը բավական դրական նախաձեռնություն է և մարմնավորում է ԵՄ և մասնակից երկրների փոխադարձ հետաքրքրությունը միջպետական կապերի ստեղծման հարցում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Պետ Կոքսը:

«Եվրամիությանն անդամակցելու ձգտումը չի կարող ակնթարթորեն իրականացվել: Ներկա փուլում ԵՄ-ին տարածություն է անհրաժեշտ, որտեղ հարաբերությունները բոլորովին զրոյական չեն լինի, սակայն դա նաև Միության մեջ լիարժեք ինտեգրացիա չի լինի»,- նշել է Կոքսը:

Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հարցերի վերաբերյալ Երևանում կազմակերպված խորհրդաժողովին` Կոքսը նկատել է, որ քաղաքացիական հասարակությունն ինքնավար խաղացող է, և նրա դերը արժեքների տարածումն ու մարդկանց միջև հարաբերությունների ամրապնդումն է: «Այս խորհրդաժողովի արժեքը կայանում է նրանում, որ այն տարածաշրջանային բնույթ ունի: Կարծում եմ` հանդիպումները տարածաշրջանում միշտ ավելի հեշտ և արդյունավետ են ընթանում, անգամ կազմակերպչական տեսակետից»,- հավելել է նա` օրինակ բերելով խորհրդաժողովին ադրբեջանական ներկայացուցիչների ներկայությունը:

Այս համատեքստում Կոքսը նշել է նաև քաղաքացիական հասարակության մեծ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Քաղաքացիական հասարակությունը կարող է հակամարտությունների կարգավորման մեջ դեր խաղալ խաղաղ համագոյակցման սկզբունքների ամրապնդման միջոցով: Հարաբերությունների ստեղծման համար համատեղ աշխատանք է հարկավոր, ինչը, անկասկած, բարդ է, սակայն ես հուսով եմ, որ հարաբերությունների հաստատման գործընթացը կզարգանա»,- ասել է նա: Վերջում Կոքսը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը: