21 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT
Վահրամ Աթանեսյանը շփման գծում կառուցվող պատն անվանել է «Իլհամյան մեծ պատ»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կառուցվող պատն անվանել է «Իլհամյան մեծ պատ»: Ինչպես նա հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, պատի շինարարությունը Բաքվի հերթական քարոզչական քայլն է և իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում: «Ո՞րն է պատի իմաստը: Եկեք իրադրությանն իրատեսորեն մոտենանք: Եթե նրանք պատ են կառուցում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար, արդյո՞ք մենք չենք կարող խանգարել այդ շինարարությանը: Չէ որ նրանք այդ պատը կառուցում են մեր ԶՈՒ աչքի առաջ: Եթե հայկական կողմը կանխամտածված կերպով խաղաղ բնակիչների սպաներ, ապա արդեն կարող էր գնդակոծած լինել բոլոր բանվորներին, որոնք կառուցում են այդ պատը»,- նշել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատի կառուցումը կարող է խախտել շփման գծում ուժերի հավասարակշռությունը, Աթանեսյանն ընդգծել է. «Եթե ադրբեջանական կողմը կարծում է, որ այդ պատը նրանց պատնիշելու է պատասխան հարվածներից, ապա չարաչար սխալվում է»: Նրա խոսքով` այսօրվա ԼՂՀ Պաշտպանության բանակն այնպիսի ռազմական միջոցներ ունի, որ կարող է հանգիստ ոչնչացնել ցանկացած ինժեներական կառույց:

Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ, որը սահմանակից է ԼՂՀ Մարտակերտի շրջանին արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտագնությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Դա մեծ խնդիր է, քանի որ գյուղի 78 տներից 24-ում ոչ ոք չի ապրում, քանի որ այն մշտապես գնդակոծվում է: Իսկ եթե պաշտպանություն լինի գնդակներից , մարդիկ կկարողանան այնտեղ ապրել»,-հայտարարել է Աղդամի շրջանի Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբբասովը:

«Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» շփման գծում պատ կառուցելու գաղափարը Ադրբեջանում քննարկվում է 2006 թվականից: