
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի մահվան հանգամանքները հետաքննության կարիք ունեն, ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլլայը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը, հղում անելով մամլո քարտուղար Ռուպերտ Քոլվիլին: «Հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա մահացել, և հարկավոր է հետաքննություն անցկացնել»,-ասել է Ռուպերտ Քոլվիլը Ժնևում:
Ըստ նրա, Սիրտում բջջայինից արված լուսանկարները, որտեղ պատկերված է սկզբում վիրավոր, իսկ հետո մահացած Քադդաֆին, հակառակորդներով շրջապատված, համադրության արդյունքում լուրջ մտահագություն են առաջացնում:
Հինգշաբթի Global Post-ը հրապարակեց կադրեր, որոնք արվել են Քադդաֆիին գերելուց հետո, որտեղ նա դեռ ողջ է: Կադրերն ուղեկցվում են բղավոցներով՝ «Մի սպանեք նրան, նա մեզ ողջ է հարկավոր»: Ավելի ուշ հրապարակվեցին այլ կադրեր՝ Քադդաֆի մահից առաջ և հետո: