22 հոկտեմբերի 2011 - 16:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թուրք դիվանագետը զգուշացնում է` Թուրքիայի միասնությունը կարող է կորսվել հայկական հարցի զարգացման դեպքում

Ելույթ ունենալով Թուրքիայի Karaelmas համալսարանում կազմակերպված «Հայկական հարցն այսօր» խորհրդաժողովում` նախկին դեսպան, Եվրասիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Օմեր Էնգին Լյութեմը միանգամայն թուրքական ժխտողական քաղաքականության ոգով հայտարարել է, որ 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն չեն հանդիսանում:

«Ցեղասպանության մասին պնդումները չեն կարող այսօր կիրառվել Թուրքիայի Հանրապետության առնչությամբ: Տարածքների վերադարձը, որի մասին խոսում են, չի կարող կատարվել անգամ իրավական տեսակետից»,- ասել է Լյութեմը` նկատի ունենալով, որ դարասկզբի իրադարձությունները տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում, այսինքն` «այլ իրավական սուբյեկտում», հաղորդում է Haberler-ը:

Լիովին մերժելով հայերի կոտորածը որպես Ցեղասպանություն բնորոշելու հնարավորությունը` Լյութեմը հավելել է նաև, որ հայկական հարցի` այդ դիրքորոշումից տարբեր զարգացումը կարող է սպառնալիք դառնալ Թուրքիայի միասնության համար: «Մեր երկրի միասնությունը կարող է կորսվել հայկական հարցի զարգացման դեպքում»,- ասել է նա:

Դիվանագետը նշել է նաև, որ Օսմանյան կայսրության օրոք հայերը բավական լավ պայմաններում էին ապրում: Այդ խոսքերը նպատակ ունեին ներկաներին ակնարկելու Օսմանյան կայսրության հանդուրժողական քաղաքականության վերաբերյալ մտքի մասին, ինչի դեպքում, սակայն, անտրամաբանական է դառնում հայ բնակչության կոտորածի կազմակերպումը, ինչը Լյութեմը սկզբունքորեն ժխտում է:

ՖՈՏՈՇԱՐՔ