23 հոկտեմբերի 2011 - 18:29 AMT
Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 1:2 հաշվով զիջել է Հունաստանի հավաքականին

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականն անցկացրել է Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը հանդիպեց Հունաստանի հավաքականի հետ:

Հյուրերը հաշիվը բացեցին 4-րդ րոպեին, գնդակն Ալբերտ Օհանյանի դարպասն ուղարկեց Հունաստանի հավաքականի ավագ Գիորգոս Կատիդիսը: Հույներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն առաջին խաղակեսում:

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստների ջանքերն արդյունք տվեցին միայն 77-րդ րոպեին. այս ընտրական մրցաշարում իր երրորդ գոլն իրացրեց Հովհաննես Հովհաննիսյանը: Սակայն ընդամենը մեկ րոպե անց Հունաստանի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվում, գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Անաստասիոս Բակասետասը: Մնացած ժամանակում թիմերի կազմակերպած գրոհներն իրենց նպատակին չհասան, և խաղն ավարտվեց հույների հաղթանակով` 2:1:

Այս խմբի երկրորդ խաղում Սլովակիան նվազագույն հաշվով հաղթել է Անդորրային, 4-րդ րոպեին գոլ է իրացրել Ֆիլիպ Օրշուլան:

10-րդ խմբում 6 միավորով առջևում է Հունաստանի հավաքականը, Հայաստանն ու Սլովակիան 3-ական միավոր ունեն: Ընտրական մրցաշարի վերջին խաղերում Հայաստանն իր ուժերը կչափի Անդորրայի, իսկ Հունաստանը` Սլովակիայի հետ: