24 հոկտեմբերի 2011 - 10:47 AMT
Թուրքիայում երկրաշարժի զոհերի քանակը գերազանցել է 200-ը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի քանակը հասել է 217-ի: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը, հղում անելով Իդրիսի ներքին գործերի նախարար Նաիմ Սահինին: 1090 մարդ վիրավորվել է:

Ինչպես ճշտել է Թուրքիայի ՆԳ նախարարը, 100 հոգի զոհվել է Վան քաղաքում, ևս 117-ը՝ Էրջիշի շրջանում: Զոհվածների թիվը կարող է ավելանալ:

Ըստ Կարմիր խաչի թուրքական բաժանմունքի, Էրջիշում մոտ 80 շենք է փլուզվել, այդ թվում հանրակացարանը: Վանում մոտ 10 շենք է փլվել:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հղում անելով թուրքական հեռուստատեսությանը, Վանի բանտից, որը կիսով չար ավերվել է, փախել է 150 կալանավոր, սակայն 50-ը վերադարձել են:

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան:

Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում, սակայն Իսրայելի օգնությունից Անկարան հրաժարվել է: Տվյալներ այն մասին, թե արդյոք թուրքական իշխանություններն ընդունել են օգնությունը մյուս երկրներից, առայժմ չկա:

Հիմնականում քրդերով բնակեցված Վան գավառում ամենահզոր երկրաշարժերից մեկը գրանցվել է 1976 թվականին: Այդ ժամանակ զոհվեց 3840 մարդ: Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժը տեղի է ունեցել 1999-ին երկրի խիտ բնակեցված հյուսիս-արևմտյան շրջանում: Այդ աղետին զոհ գնաց 20 հազար մարդ: