24 հոկտեմբերի 2011 - 14:56 AMT
Վտանգավոր տեսակի սփրեդներ Հայաստան չեն ներկրվում

Վտանգավոր տեսակի սփրեդներ Հայաստան չեն ներկրվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսական նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:: Ըստ նրա, մարդու առողջության համար վտանգ ներկայացնող սփրեդները թանկ արժեն, իսկ Հայաստան են ներկրվում էժան սփերդները, որոնք պատրաստված են կոկոսի կամ արմավենու յուղից ու անվտանգ են: Պիպոյանն ասել է, որ Հայաստան ներկրվող արտադրանքն անցնում է լաբորատոր հետազոտություն՝ ուսումնասիրվում է ինչպես ապրանքի անվտանգությունը, այնպես էլ այն՝ արդյո՞ք դա իրոք կարագ է:

Պիպոյանն ասել է, որ ամեն դեպքում վաճառողները պարտավոր են մակնշել ապրանքը, քանի որ շատ դեպքերում սպառողն ուղղակի խաբված է լինում էժանագին սփրեդը գնելով կարագի գնով: Նա հայտնել է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստուգմանն ուղարկած 46 տեսակի ապրանքից 26-ը սփրեդ է եղել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարելի է տարբերել սփրեդը կարագից, Պիպոյանը նշել է, որ հիմնականում դա հնարավոր է միայն լաբորատոր հետազոտության արդյունքում, սպառողը ինքը դա չի կարող անել: Նա նշել է նաև, որ տեղեկություններ չունի այն մասին, թե Հայաստանում արտադրվում է արդյոք սփրեդ:

Սփրեդը «փափուկ կարագ է», պատրաստված բուսական ու կենդանական յուղերի խառնուրդից: