Ռումին քաղաքապետերը կայցելեն Հայաստան

Ռումին քաղաքապետերը կայցելեն Հայաստան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է ռումին քաղաքապետերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև Վրդ. Հակոբյանը և Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը:

Դեսպան Համլետ Գասպարյանը ռումին քաղաքապետերին ներկայացրել է այն կարևորությունը, որ Հայաստանի կառավարությունը տալիս է գործընկեր երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Հայաստանի դեսպանը նշել է, որ նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների և համայնքների միջև տեղական ինքնակառավարման, մշակույթի և կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, զբոսաշրջության և տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը:

Ռումինական կողմն իր հերթին նշել է, որ Ռումինիան, որը բավականին հարուստ փորձ է կուտակել ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բնագավառում, հետաքրքրված է Հայաստանի հետ նմանօրինակ կապեր հաստատելու գործում` մասնավորապես հաշվի առնելով Ռումինիայում հայոց դարավոր ներկայությունն ու թողած հարուստ մշակութային ժառանգությունը, որոնց միջոցով հնարավոր է խթանել տեղական զբոսաշրջությունն ու իրականացնել տարբեր ծրագրեր:

Ռումին քաղաքապետերի պատվիրակությունը Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ տարածքային կառավարման և արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ ճանաչողական այցով նույն օրը մեկնել է Հայաստան: Սա ռումին քաղաքապետերի առաջին այցն է Հայաստան: Խմբի մեջ ընդգրկված են Պիտեշտի քաղաքապետ Թուդոր Պենդիուկը, Ֆոկշանի փոխքաղաքապետ Բոգդան Մատիշանը, Ռոմանի քաղաքապետ Լաուրենցիու Լեորեանուն, Գեռլայի քաղաքապետ Օվիդիու Դրագանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն և Ֆրումոասայի քաղաքապետ Տիբոր Ֆերենցը:

Ռումին քաղաքապետերը Երևանում հանդիպումներ են ունենալու ՀՀ տարածքային կառավարման նախարարության ղեկավարության հետ, այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հաջորդ օրերին ուղևորություններ են կատարելու Տավուշի և Շիրակի մարզեր, ուր մարզային և Դիլիջանի ու Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ քննարկելու են հավանական կապերի հաստատման հնարավորությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---