Կարեն Կարապետյան. Բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինի

Կարեն Կարապետյան. Բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինի

PanARMENIAN.Net - «Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության ապահովման հետ կապված պարբերաբար պետք է ուսումնասիրություններ կատարել, գույքագրել վթարային շենքերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել շենքերի հիմքերի ամրացման աշխատանքների ուղղությամբ»,- հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Հանձնարարվել է նաև շարունակել հետևողական վերահսկողությունը շինարարություն իրականացնող ընկերությունների պարտավորությունների կատարման մասով, որպեսզի ապահովվի հետիոտնի պատշաճ տեղաշարժը, շինհրապարակների հարակից տարածքներում բացառվի շինարարական աղբի կուտակումն ու բեռնատարների անհարկի կայանումը: Պարտավորությունները խախտողների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցառումներ:

Կարեն Կարապետյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարմանը:

Մայրաքաղաքում երթևեկության կանոնակարգման և հետիոտն անցումների կառուցման ծրագրի մասով զեկուցվել է, որ հաջորդ տարի նախատեսվում են նոր վերգետնյա անցումների կառուցում և մի շարք ստորգետնյա հետիոտն անցումների վերանորոգումներ: Ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով քաղաքապետը կարևորել է ներդրողների հետ բանակցային աշխատանքների ակտիվացումը: Կրթության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի միջոցով կատարված նվիրատվությունների չափը կազմում է մոտ 1 մլրդ 200 միլիոն դրամ: Հավաքագրված գումարով կրթօջախներում իրականացվում են վերանորգման աշխատանքներ, ձեռք է բերվում անհրաժեշտ գույք` դպրոցներն ու մանկապարտեզները ընդունված չափանիշներին համապատասխան նորոգելու և կահավորելու նպատակով:

«Կարևոր է մշտապես հետադաձ կապ ապահովել դպրոցների ու մանկապարտեզների հետ և հրապարակային հաշվետվություն ներկայացնել ծախսված յուրաքանչյուր լումայի համար, որպեսզի վստահություն լինի ծրագրի նկատմամբ: Համոզված եմ, որ ֆինանսական աջակցությունների և նվիրատվությունների աճն այդ դեպքում կկարկնապատկվի»,- նշել է Կարեն Կարապետյանն ու հավելել, որ անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ միջոցառումներ` ծրագրերը մշտական ուշադրության տակ պահելու ուղղությամբ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---