25 հոկտեմբերի 2011 - 11:25 AMT
Բյուրականի աստղադիտարանում կայացել է սեմինար՝ նվիրված երկու խոշոր աստղագետների

Վերջերս լրացան աստղագիտության երկու երախտավորների հոբելյանները` աստղագետ Վահե Օսկանյանի 90-ամյակը և նշանավոր կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանի 100-ամյակը: Այդ առիթներով Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել էր սեմինար: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։

Սեմինարի առաջին կեսը նվիրված էր Վահե Օսկանյանին, ով Բյուրականի աստղադիտարանի կարևորագույն ուղղություններից մեկի` փոփոխական աստղերի ուսումնասիրության առաջատարներից էր: Նրա մասին մանրամասնորեն պատմեց որդին` նույնպես աստղագետ Արա Օսկանյանը, անդրադառնալով Վահե Օսկանյանի կյանքին և գիտական ժառանգությանը: Այնուհետև հիշողություններով և ելույթներով հանդես եկան աստղադիտարանի աշխատակիցներ Լիդիա Երաստովան, Սուսաննա Հակոբյանը, Լյուդվիկ Բաղյանը, Արեգ Միքայելյանը, Աշոտ Ղարիբջանյանը, Հովհաննես Պիկիչյանը և Հայկ Հարությունյանը:

Հոբելյանական սեմինարի երկրորդ կեսը նվիրված էր Բագրատ Իոաննիսյանին, որի ղեկավարությամբ պատրաստվել են Խորհրդային Միության խոշորագույն աստղադիտակները: Տիգրան Մովսիսյանը պատմեց Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանում Բ.Կ. Իոաննիսյանի 100-ամյակին նվիրված վերջերս տեղի ունեցած խորհրդակցության մասին: Այնուհետև ցուցադրվեց նույն աստղադիտարանի նախաձեռնությամբ պատրաստված Իոաննիսյանին նվիրված շարժանկարը: