25 հոկտեմբերի 2011 - 13:03 AMT
Հրանտ Բագրատյանը ներկայացրել է հակաճգնաժամային միջոցների իր թոփ տասնյակը

ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամլո ասուլիսում ներկայացրել է հակաճգնաժամային միջոցների իր թոփ տասնյակը: Նա հավելել է, որ ամբողջական ցուցակը կներկայացվի ՀԱԿ հոկտեմբերի 28-ի հանրահավաքում:

Ըստ նրա, առաջին հերթին հարկավոր է «ստերիլացնել» արտաքին օգնությունը, որը կազմում է 2-3 մլրդ դոլար և արհեստականորեն պահապնում է դրամի փոխարժեքը: Երկրորդ միջոցը, ըստ նրա տոկոսադրույքների նվազումն է 15 տոկոսից մինչև 4-5 տոկոս և դրանց հատկացումը բնակչությանը, ոչ թե օլիգարխներին: «Երրորդը, չի կարելի թույլ տալ, որ դրամն արժեվորվի: Բացի այդ, հարկավոր է անցնել հարկման պրոգրեսիվ համակարգի, որպեսզի բանկային ոլորտը նույնպիսի հարկեր վճարի, որքան մյուս ոլորտները»,-հայտարարել է նա: Հինգերորդ կետով, նախկին վարչապետն առաջարկում է վաճառել հանքերը: Վեցերորդ ու յոթերորդ կետերը նախատեսում են կոնսոլիդացնել հանրապետության բյուջեն, արգելել բյուջետային երաշխիքների տրամադրումը կառավարության և անձամբ վարչապետի կողմից: Բագրատյանը նաև կոչ է արել արգելել վատ վարկերի դուրսգրումը: ՀԱԿ ներկայացուցիչը անհրաժեշտ է համարում նաև մենաշնորհների կանոնակարգումն ու տեղեկատվության տրամադրումը ազգային պահուստների մասին: