25 հոկտեմբերի 2011 - 13:42 AMT
Հենրիխ Մխիթարյան. Սա ֆուտբոլ է, և լինում է շրջան, երբ ինչ-որ բան չի ստացվում

«Ցանկացած թիմի մոտ լինում են անկումներ։ Հավանաբար մենք ինչ-որ փոսի մեջ ենք ընկել, բայց ես համոզված եմ, որ մենք շուտով կհաղթահարենք դա և ամեն ինչ լավ կլինի։ Սա ֆուտբոլ է, և այնպիսի շրջան է լինում, երբ ինչ-որ բան չի ստացվում կամ խաղն առաջ չի գնում։ Պետք է գլուխը բարձր պահել և առաջ նայել»,- Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խոսքերը հաղորդում է championat.com-ը։

Ուկրաինայի առաջնության վերջին խաղում «Շախտյորը» 1։2 հաշվով զիջել է «Մետալիստին», միակ գոլը խփել է Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստն ասել է, որ յուրաքանչյուր խաղում լինում է աչքի ընկնելու թեկուզ մեկ հնարավորություն, բայց միշտ չէ, որ ստացվում է գոլ խփել։

«Կարծում եմ, որ «Մետալիստի» հետ խաղում մենք արժանի չէինք պարտության։ Եզրափակիչ 30 րոպեին մենք ունեցանք 5 իրական գոլային պահեր։ Ցավոք սրտի, սա առաջին անգամը չէ, երբ մենք չենք կարողանում իրացնել 5 գոլային պահից թեկուզ մեկը։ Այդ խնդիրը պետք է լուծել»,- ասել է նա։

Մխիթարյանը նշել է, որ «Շախտյորը» կարողանում է ֆուտբոլ խաղալ և հաղթել, և նշանակություն չունի՝ դա կլինի սեփական հարկի տակ, թե արտագնա խաղերում։