25 հոկտեմբերի 2011 - 15:04 AMT
Դավիթ Կարապետյան. Պաշտպանության փոխնախարարների միջև հակասություններ չկան

Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարների միջև հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: «Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել և մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձևերով և միտումնավոր շահարկվում են»,- նշել է նա: Խոսելով հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը և պաշտպանական գերատեսչության թափանցիկության և հաշվետվողականության պահանջին, մամուլի քարտուղարը հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները և գոյություն ունեցող անվտանգային միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները:

«Սակայն նախարարությունը միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման և ֆինանսական ապահովության աղբյուր»,- շեշտել է Կարապետյանը: