25 հոկտեմբերի 2011 - 15:07 AMT
Հերթական միջադեպը ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների և իրավապահ մարմինների միջև

Այսօր առավոտյան տեղի է ունեցել հերթական միջադեպը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանության միջև։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀԱԿ ակտիվիստ Վահագ Գևորգյանը։ Նրա խոսքով, ինքը, Դավիթ Քիրամիջյանը և Սահակ Մուրադյանն ասյօր կանչվել են Հատուկ քննչական ծառայություն քննչական գործողությունների համար, սակայն ի պատասխան մասնակցությունից հրաժարվելուն, քննիչ Գևորգ Գևորգյանը սկսել է վիրավորել նրանց։ Վահագ Գևորգյանը նաև հայտարարել է, որ քննիչը բռնություն է կիրառել նրա նկատմամբ։

Իր հերթին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ իրավաբանները կքննարկեն և կորոշեն, թե ինչ պատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն։

ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացում բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ կարձակվի: