25 հոկտեմբերի 2011 - 18:06 AMT
Պոլիտեխնիկում բացվել է «Ճարտարագիտական աշխարհ» ցուցահանդեսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ), Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ու «Նեյշընլ Ինսթրումենթս» ընկերության նախաձեռնությամբ ՀՊՃՀ-ում մեկնարկել է «Ճարտարագիտական աշխարհ» ցուցահանդեսը:

Համալսարանից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված են ՀՊՃՀ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և բուհի տարբեր տարիների շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի հիման վրա նախագծված գերժամանակակից էլեկտրոնային սարքավորումները, չափիչ սարքերը, ինչպես նաև ընկերության նախաձեռնությամբ ՀՊՃՀ ավագ դպրոցում իրականացվող ուսումնական ծրագրին մասնակից աշակերտների պատրաստած ռոբոտները: 30-ից ավելի ցուցանմուշների շարքում այցելուների ուշադրությանն էին ներկայացված նաև մի շարք դասընթացների (օրինակ` էլեկտրատեխնիկա, նյութերի դիմադրություն) ուսումնալաբորատոր աշխատանքների անցկացման համար նախատեսված ժամանակակից ստենդներ և ծրագրային միջոցներ:

Ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 25-27-ը, ժամը 12.00-15.00, ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճի ճեմասրահում: