25 հոկտեմբերի 2011 - 18:18 AMT
2012 թվականի փետրվարի 3-6-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Հայկական Դավոսը»

«Կամուրջ 2012» 9-րդ միջազգային տնտեսական համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականության նոր մտածելակերպ»: Ինչպես հայտնում է համաժողովի մամլո ծառայությունը, 2012 թ-ի փետրվարի 3-ին Ծաղկաձորում կմեկնարկի «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը:

«Հայկական Դավոսը», որն այս տարի կանցկացվի 9-րդ անգամ, կդառնա Հայաստանի գործարար կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկը: Ծաղկաձոր հանգստավայրը 3 օրով կվերածվի տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի: Համաժողովը հարթակ կդառնա ոչ պաշտոնական միջավայրում տնտեսական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների քննարկման համար` հանդիսանալով հայաստանյան և արտերկրից ժամանած քաղաքական գործիչների, կառավարության ներկայացուցիչների, արդյունաբերողների, գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների հանդիպման և երկխոսության վայր: Սպասվում է լիագումար նիստերի, կլոր սեղանների, կոնֆերանսների անցկացում բազմաթիվ հարթակների վրա` հարմարավետ կահավորված նիստերի դահլիճներում, հանդիպումնրի սրահներում: Նախատեսվում է նաև BRIDGE AWARD մրցանակաբաշխության անցկացում, մշակութային և ժամանցային ծրագրեր: 2012թ-ի համաժողովի շրջանակում կկազմակերպվի կոնֆերանս` «Ժամանակակից տնտեսությունը ԶԼՄ-ներում. տեղեկատվական թափանցիկություն` երազանք և իրականություն» թեմայով: Համաժողովի 300-ից ավելի մասնակիցները կբնակեցվեն Ծաղկաձորի ամենահարմարավետ հանգստի տներում: Գրեթե ամբողջ քաղաքը կներգրավվի համաժողովի միջոցառումների մեջ:

«Կամուրջ 2012» 9-րդ միջազգային տնտեսական համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականության նոր մտածելակերպ»: Համաժողովը կտևի 3 օր` փետրվարի 3-ից 6-ը: