25 հոկտեմբերի 2011 - 18:55 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 3-5-ամսյա պրակտիկա

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը Ֆրանսիական համալսարանում կազմակերպված «Կազմակերպությունների 9-րդ ֆորում»-ում երիտասարդներին ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների և մոտեցումների բազմազանությունը:Ժամանակի կարևոր մարտահրավերներից մեկը գիտելիքով զինված մասնագետներ պատրաստելն է: Այդ տրամաբանության շրջանակներում կարևոր է «Կազմակերպությունների 9-րդ ֆորումը», որին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ գործող 28 ընկերություն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետաքրքրված է նաև երիտասարդ հայրենակիցների ապագայի կերտմանն ուղղված ծրագրերով` նպատակ ունենալով աջակցել նրանց մասնագիտացմանը, կատարելագործմանն ու ներուժի բացահայտմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է Կարիերայի զարգացման ծրագրի աշխարհագրությունը և փոխգործակցության հուշագիր է ստորագրել հայաստանյան և արտերկրի 35 բուհի հետ:

Ֆորումի ընթացքում, մագիստարատուրայի առաջին կուրսից հարցազրույցով ընտրված լավագույն ուսանողը հնարավորություն կունենա 3-5-ամսյա պրակտիկա անցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գործատուներից մեկը: Ընկերությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1200 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ և փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն և ուսման վարձի վճարում: