26 հոկտեմբերի 2011 - 09:19 AMT
Սոչիի ձմեռային Օլիմպիական կրակի էստաֆետը կմեկնարկի 2013թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայում

Սոչիի ձմեռային Օլիմպիական կրակի էստաֆետը կմեկնարկի 2013թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայում և կավարտվի 2014թ. փետրվարի 7-ին` Սոչիում 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ:

«Սա Օլիմպիական կրակի` պատմության մեջ ամենամասշտաբային էստաֆետն է լինելու, որին կարող է մասնակցել երկրի բնակիչների բացարձակ մեծամասնությունը»,- Սոչի-2014 Կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոյի խոսքն է մեջբերում itar-tass.com-ը: Նրա խոսքով` սա լինելու է ամենաերկարատև` 123 օր և ամենաերկար էստաֆետը` ավելի քան 40 հազ. կմ:

Օլիմպիական կրակի էստաֆետը բաղկացած կլինի չորս հիմնական փուլերից. կրակը փոխադրվելու է ցամաքով և օդով: Առաջին փուլը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին, երբ կրակը Աթենքից կժամանի Մոսկվա, այնտեղից ավտովազքով Կենտրոնական և Հյուսիս-Արևմտյան դաշնային երկրամասերի 15 հիմնական քաղաքներով 23 օր անց կբերվի Սանկտ-Պետերբուրգ: Այնտեղից երկրորդ փուլի ժամանակ կրակը Վլադիվոստոկ կբերվի ինքնաթիռով: Այդ փուլը կտևի 30 օր և կընդգրկի 14 քաղաք: Երրորդ փուլն ամենաշարունակականն ու հագեցածն է լինելու: 58 օրվա ընթացքում կրակը գնացքով «կայցելի» Ռուսաստանի 45 հիմնական քաղաքներ: Իսկ վերջին` չորրորդ փուլն իրենից ներկայացնում է ավտովազք Էլիստայից Սոչի, այն կտևի 12 օր և կընդգրկի 10 հարավային քաղաքներ: